
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապան քաղաքի Գ. Արզումանյանի 111/1 հասցեում (նախկին քաղաքային ջրավազանի տարածք) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն Սյունիքի մարզի երիտասարդներին և/կամ երիտասարդ ընտանիքներին:
Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորսսենյականոց 320-350 բնակարաններ` 1քմ-ը 195000 ՀՀ դրամ արժողությամբ:
Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2010թ. հոկտեմբերի 15-ին և նախատեսվում է ավարտել մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը:
Կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի նկարագիրը.
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտերկաթբետոնյա, բազալտի և ֆելզիտի արտաքին երեսպատմամբ: Այն ունենալու է 12-14 բնակելի հարկ` երկսենյականոց (50-60 քմ. մակերեսով), երեք սենյականոց (75-90 քմ. մակերեսով) և չորսսենյականոց (100-120 քմ. մակերեսով) բնակարաններով, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված մոտ 150 ավտոմեքենաների համար:
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի տանիքն ունենալու է աշտարակաձև ճարտարապետական լուծում, որի վրա տեղադրվելու է քաղաքային նշանակության ժամացույցը:
Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և հանգստի կանաչապատ գոտիներ:
Շենքի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն):
Կառուցվող բնակարանների նկարագիրը.
• Կառուցվող բնակարանների հատակը մանրահատակ է,
• սանհանգույցը սալիկապատված է,
• բնակարանների ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
• բնակարանների կոսմետիկ հարդարումը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի ընտրությամբ,
• պատերի գույնի ընտրությունը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի կողմից,
• մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների և մանրահատակի փայտի տեսակը` հաճար,
• պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
• էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
• էլեկտրական հանգույցները` տեղադրված,
• ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
• շենքը` գազիֆիկացված:
Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման կարգը.
1. Բնակարանի արժեքի վճարումը կանխիկ վճարման պայմաններով:
Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակի նախընտրության դեպքում, շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
• նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
• առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
• երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 25 տոկոսի չափով,
• վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:
Օրինակ` եթե բնակարանի մակերեսը 55 քմ. (երկսենյականոց բնակարան) է, ապա այս տարբերակով բնակարանի արժեքը վճարելու նախընտրության դեպքում բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո.
• 15 օրացուցային օրվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 3217500 ՀՀ դրամ,
• 8 ամսվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 3217500 ՀՀ դրամ,
• 16 ամսվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 2681250 ՀՀ դրամ,
• բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 1608750 ՀՀ դրամ:
2. Բնակարանի արժեքի վճարումը հավասարաչափ բաշխման պայմաններով:
Շահառուն կարող է նաև բնակարանի արժեքը վճարել` համաձայն հաստատված ժամանակացույցի` պայմանագրով սահմանված շինարարության ամբողջ տևողության ընթացքում` ըստ ամիսների հավասարաչափ բաշխված գումար վճարելու ձևով:
Օրինակ` եթե բնակարանի մակերեսը 55 քմ. (երկսենյականոց բնակարան) է, ապա այս տարբերակով բնակարանի արժեքը վճարելու նախընտրության դեպքում յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
55 X 195000 / 25 = 429000 ՀՀ դրամ
Ծրագրի շահառուները բնակարանի արժեքի 40 տոկոսը վճարելուց հետո կարող են մնացած վճարումները կատարել հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ:
Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը ներկայումս բանակցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացվող սոցիալական նշանակության բնակարանային ծրագրերի շահառուների համար արտոնյալ պայմաններով վարկային ծրագիր իրականացնելու համար:
Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու պայմանները.
ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ բնակարանի կարիք ունեցող (բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտություն ունեցող) Սյունիքի մարզի մինչև 35 տարեկան երիտասարդ բնակիչները կամ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքային ընդհանուր հանրագումարը չի գերազանցում 70 տարին:
Ծրագրի շահառուների խմբում ընդգրկվելու համար պահանջվող փաստաթղթերը.
• մասնակցության հայտ,
• դիմումատուի (ամուսնու և/կամ կնոջ) անձնագրի պատճենը,
• ամուսնության վկայականի պատճենը, եթե ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ համապատասխան բաժնում,
• տեղեկանք ՀՀԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումից Սյունիքի մարզի վարչական սահմաններում դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ,
• տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ (տրված համատիրության, անձնագրային բաժանմունքի կամ գյուղապետարանի կողմից):
Բնակարանների բաշխման կարգը.
Բնակարանների բաշխումն իրականացվելու է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից կազմակերպվող հրապարակային վիճակահանության միջոցով:
Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.ysugu.am ինտերնետային կայքէջից:
Սույն ծրագրի մասնակցության հայտի ձևը, ինչպես նաև ծրագրին առնչվող բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կարող եք ստանալ` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության Կապանի գրասենյակ (ք. Կապան, Թումանյան 18/1):
Լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության Կապանի գրասենյակ, մինչև 2010թ. հոկտեմբերի 5-ը: