Ծրագրեր
Բոլորը
«Ավան - 4»
2013-02-01 - 2015-06-30
2013թ. փետրվարի 1-ից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող բնակելի համալիրի շինարարական աշխատանքները:

Այն նախատեսվում է ավարտել 2015թ. հունիսին: 

Բնակելի համալիրն ունենալու է երկու (82 քմ. մակերեսով), երեք (104-110 քմ. մակերեսով) և չորսսենյականոց (122 քմ. մակերեսով) բնակարաններ:

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում և պիտանի բնակության համար: 

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա և ունենալու է 14 բնակելի հարկեր, ստորգետնյա ավտոկայանատեղեր, ժամանակակից արտաքին լուսավորություն: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էյ Դի Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն` Վահրամ Մելքումյան):

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10.5 մլրդ. ՀՀ դրամ: 
Ծրագրի իրականացման արդյունքում առաջիկա 28 ամիսների ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր:


Կառուցվող բնակարանների նկարագիրը հետևյալն է`

  • բնակարան(ներ)ի հատակը` մանրահատակ (փայտի տեսակը` հաճար) կամ բարձրորակ լամինատե (ըստ շահառուի ընտրության), 
  • սանհանգույցը սալիկապատված է, 
  • բնակարան(ներ)ի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
  • բնակարան(ներ)ի կոսմետիկ հարդարումը կատարվում է տիպային 5 բնակարաններին համապատասխան,
  • բուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների տեսակը` ՄԴՖ (ըստ շահառուի ընտրության),
  • պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
  • էլեկտրականության մոնտաժն իրականացվելու է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
  • էլեկտրական հանգույցները` տեղադրված,
  • ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
  • շենքը` գազիֆիկացված:


1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ.

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվող պայմաններն են` 30% կանխավճար, 15-20 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 10% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում.

Քանի, որ սույն ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագիրն ունի բացարձակ սոցիալական ուղղվածություն, այդ պատճառով շահառուները հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ կարող են ձեռքբերել միայն երկու և երեք սենյականոց բնակարաններ:
 

Այն շահառուներն, ովքեր ընտրել են (մասնակցության հայտում նշել են) չորս սենյականոց բնակարան՝ հիփոթեքային վարկավորման պայմաններով, մինչև 2012թ. հունվարի 25-ը պետք է ներկայանան ԵՊՀ շրջանավարտների միավորում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ, 604 սենյակ) և փոխեն մակերեսային նախընտրությունը կամ անցում կատարեն կանխիկ վճարման պայմաններին:

2. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ.


Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակը նախընտրելու դեպքում սահմանվում է բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.

  • վիճակահանության անցկացումից և բնակարանի ամրագրումից հետո 15 օրվա ընթացքում շահառուները պետք է կատարեն նախնական վճարում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
  • մինչև 2013թ. նոյեմբերի 1-ը շահառուները պետք է կատարեն առաջին միջանկյալ վճարում` բնակարանի արժեքի 40 տոկոսի չափով,
  • մինչև 2014թ. հուլիսի 1-ը շահառուները պետք է կատարեն երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով,
  • բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում շահառուները պետք է կատարեն վերջնական վճարում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:


Մինչև 2013թ. հուլիսի 1-ը ծրագրի շահառուների և մեր կազմակերպության միջև կնքվելու են բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրեր և տրամադրվելու են բնակարանի (կառուցվող) սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Ծրագրում ընդգրկված շահառուների անվանացանկը մինչև 2013թ. հունվարի 31-ը կտեղադրվի մեր ինտերնետային կայքում, որից անմիջապես հետո ընտրված շահառուները կիրազեկվեն վիճակահանության անցկացման վայրի և ժամանակի մասին: 

Հաշվի առնելով մասնակցության հայտերի մեծ քանակը, առաջնային կարգով բավարարվելու են այն շահառուների հայտերը, ովքեր մինչև 35 տարեկան են, ամուսնացած, ունեն առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, բնակարանի կարիքավոր են (Երևան քաղաքում չունեն բնակարան կամ ունեն բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն) և աշխատում են Երևան քաղաքում գործող բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում:

ցույց տալ ավելին
Նախագծի նորություններ
Պատկերասրահ
ցույց տալ ավելին