Ծրագրեր
Բոլորը
ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանային համալիրը
2004-03-20 - 2012-05-16
Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունը 1959 թվականին Դիլիջանի Բլդան գետի հովտում 1.5 հա. տարածքի վրա հիմնեց վրանային ճամբար:

Այն հետագայում վերածվեց փայտաշեն 10 տնակներով մարզաառողջարանային համալիրի, որն ուներ ճաշարան, լողավազան, սանհանգույց, սպորտային խաղահրապարակներ: Հիմնադրումից անցել է 45 տարուց ավելի: Բոլոր վերը թվարկածներն էլ դեռ իրենց տեղերում են, սակայն... Երեւանի պետական համալսարանի դասախոսների զգալի մասի ուսանողական տարիների ամենահիշարժան օրերը կապված են ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանային համալիրի հետ: 1959 թ.-ին հիմնադրված ճամբարն այսօր ամռան ամիսներին ապահովում է շուրջ 500 ուսանողների հանգիստը: Այլ հարց է, թե ինչպես է ապահովում: Հիմնադրման օրվանից չվերանորոգված ճամբարն այսօր վթարային վիճակում է: Մասնագետների հաշվարկով բավարար պայմաններ ստեղծելը կարժենա մոտ 200 մլն. դրամ:

 

Մեր համալսարանը նման գումարով աջակցելու, իհարկե, հնարավորություն չունի, ուստի ԵՊՀ Շրջանավարտների միավորումը խնդիրը լուծելու այլընտրանքային տարբերակ է գտել: Մի քանի ամիս առաջ նրանք` Միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ, եղել են ճամբարում: Տեղում ծանոթացել են պայմաններին եւ հիացել Դիլիջանի բնությամբ: Բնությունը հիասքանչ էր, իսկ պայմանները, մեղմ ասած, վատը: Երեւանի պետական համալսարանի ուսանողները միանշանակորեն ասում են, որ իրենք գոհ կլինեն ցանկացած բարեփոխման համար:

 

Այս տարի Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարում հանգստացող ուսանողները ճամբարի վարիչ Մորիս Դավթյանի հետ փորձել են մի փոքր հեշտացնել ԵՊՀ Շրջանավարտների միավորման գործը: Նրանք մշակել եւ Միավորում են ներկայացրել ճամբարի վերականգնման իրենց նախագիծը: Ըստ ուսանողների նախագծի` ներկայիս 9 փայտե տնակների փոխարեն կառուցվելու է վեցը: Տնակների հիմքը պետք է լինի քարից, իսկ պատերը` փայտից, փայտե տանիքը` թիթեղից, յուրաքանչյուր սենյակ պետք է ունենա մեկ ընդհանուր միջանցք, 5 սենյակ, մեկ ճաշասրահ, ինչպես նաեւ սանհանգույց եւ ցնցուղարան:

 

Այս վեց տնակից բացի կկառուցվեն նաեւ 2 քարե քոթեջներ: Նրանք նույնիսկ հաշվել են վերակառուցման ծախսերը. յուրաքանչյուր տնակին բաժին է հասել 4-5մլն դրամ: Սակայն միավորումը տրամադիր է արմատական լուծում տալ խնդրին` հիմնովին վերակառուցել ճամբարն ու այն դարձնել ժամանակակից հանգստի գոտի: Բայց մինչ գումարների հայթայթումն ու ճամբարի վերակառուցումը, ԵՊՀ Շրջանավարտների միավորումը նախաձեռնել է բոլոր տարիների համալսարանականների հավաք, որը տեղի կունենա 2005թ. տարեվերջին, ուր կներկայացվեն Շրջանավարտների միավորման գործունեության հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը:

ցույց տալ ավելին
Պատկերասրահ
ցույց տալ ավելին